Ղազախստանում վարչական գործ են հարուցել աղբատարի վարորդի նկատմամբ, ով հանրապետության դրոշով ծածկել է տեղափոխվող աղբը: Ալմա-Աթայի ներքին գործերի դեպարտամենտի տեղեկացմամբ, առաջիկայում գործը դատարան կփոխանցեն:
Քննությունը վարում են «Պետական դրոշի կիրառման կարգի խախտում» հոդվածով, կասկածյալին սպառնում է 200 ԱՀՑ չափով տուգանք (ներկայում մեկ ԱՀՑ-ն կազմում է 1.852 թենգե կամ շուրջ 10 դոլար): Այս մասին հաղորդում է «Նովոստի-Ղազախստան» տեղեկատվական գործակալությունը:
Ղազախստանի դրոշով ծածկված աղբատարի լուսանկարը սոցցանցերում հայտնվել է անցյալ շաբաթ: Ոստիկանները պարզել են, որ վարորդն Ալմա-Աթայի մարզի Կարասայսկի շրջանի բնակիչ, 1988թ. ծնված Եսենբեկով Ա.Ժ-ն է:
Վարորդը պարզաբանել է, որ շինարարական օբյեկտներից մեկից աղբ է տեղափոխել եւ ծածկել է դրոշով, որը, իբր, գտել է դրանից քիչ առաջ (կտորը հայտնաբերվել ու առգրավվել է կասկածյալի բնակության վայրից):





























