Թուրքիայի իշխանությունները Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության կողմից 2009թ.-ից ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկրին գաղտնալսելու լուրից հետո կանչել են Գերմանիայի դեսպանին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության գործունեության մասին հոդվածն ավելի վաղ հայտնվել էր գերմանական Spiegel-ում:
Ամսագրում նաեւ պնդում են, որ ծառայության աշխատակիցները գաղտնալսել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցները:
Գերատեսչության ներկայացուցիչներն այս տեղեկությունը հերքել են:
Հուլիսին Գերմանիայում սկանդալ էր բռնկվել, երբ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել ԱՄՆ-ի կողմից կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները գաղտնալսելու վերաբերյալ:





























