Վրաստանի պաշտպանության նախարարության եւ Վրացական Ուղղափառ եկեղեցու միջեւ Ռազմահայրենասիրական զգացմունքների վերածննդի եւ հաստատման մասին հուշագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Համաձայնությունը ստորագրել են Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան եւ Վրաց պատրիարք-կաթողիկոս Իլյա II-ը:

«Այս համաձայնագիրը ենթադրում է բարոյական ու հայրենասիրական որակների ամրապնդում, հայրենիքի առջեւ զինապարտության կարեւորության գիտակցում եւ ռազմահայրենասիրական զգացմունքների հաստատում»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

«Սա աջակցության եւ համագործակցության հուշագիր է: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի մեր ժողովուրդը բանակին հետեւի սեփական երեխաների պես: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բանակն իրեն հանգիստ զգա եւ երբեք շահագործված չլինի: Քաղաքական գործիչները նշում են, որ եթե խաղաղություն ես ցանկանում, հարկավոր է զինվել, ուստի մենք մեր բանակը պետք է ունենանք:  Ուստի մեր բանակը պետք է ուժեղ լինի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թշնամին չկարողանա Վրաստան ներխուժել»,- կիրակի քարոզի ընթացքում հայտարարել է Վրաց պատրիարք-կաթողիկոս Իլյա II-ը:

Ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի, հուշագիրը ենթադրում է Վրաց Ուղղափառ եկեղեցու հոգեւոր ուսումնական հաստատությունների եւ Պաշտպանության նախարարության ռազմա-ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցություն, ինչպես նաեւ օգնություն եկեղեցու սպասավորների կողմից վիրավորների ու վնասվածքներ ունեցող զինծառայողների հոգեբանական վերականգնման գործում: