Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 16-ին մասնակցել է Ջրային ոլորտի քաղաքականությանը վերաբերող գիտահետազոտական սեմինարին, որտեղ խոսել է խմելու ջրի մատակարարման կազմակերպման ռազմավարության մասին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, սեմինարի նպատակն է ներկայացնել կառավարության նախաձեռնած ոլորտային բարեփոխումների միջանկյալ արդյունքները եւ քննարկել ջրային ոլորտի քաղաքականությանը վերաբերող մարտահրավերները։ Քննարկմանը մասնակցում էին նաեւ ոլորտի պետական եւ մասնավոր հատվածի պատասխանատուներ, միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։
ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկին խնդրել է մշակել «Ջրային ոլորտի քաղաքականության մասին» փաստաթուղթ՝ վերլուծելով ոլորտի իրավիճակը, պետական-մասնավոր գործունեության գծով Հայաստանում մինչ օրս ձեռքբերված փորձը եւ միջազգային պրակտիկայից քաղած դասերը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում ասել է. «Տնտեսական բարեփոխումների իրականացման մեջ մենք հասել ենք մի նոր հանգրվանի։ Անհրաժեշտ է հստակեցնել մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք բացահայտեցինք եւ խնդրեցինք Համաշխարհային բանկին, որպեսզի մեզ տրամադրի խորհրդատվություն։ Վերջին շրջանում կարող ենք ասել, որ բարեփոխումներն այս ոլորտում տվել են դրական արդյունքներ, մասնավորապես՝ եթե նշենք, որ Երեւանում արդեն խմելու ջրի մատակարարման արդյունքները բավական տպավորիչ են։ Մենք հասել ենք շուրջ 22 ժամ խմելու ջրի մատակարարման, եւ կարծում եմ` դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք ունենք միջազգային օպերատորներ, որոնց հետ կնքել ենք պայմանագրեր եւ որոնց փորձը, կարծում եմ, մի կողմից` մեզ համար ուսանելի է, մյուս կողմից` նաեւ արդեն իսկ ակնհայտ եւ դրական արդյունքներ մենք ունենք»:
Անդրադառնալով համայնքներում կապիտալ ներդրումների իրականացմանն ու տարածքային համաչափ զարգացման խնդրին, վարչապետը ասել է. «Կա մասնագիտական գնահատական, որ 1 միլիարդ 700 միլիոն դոլարի ներդրումներ են անհրաժեշտ այս ոլորտում։ Միայն վերջին տարիների ընթացքում է, որ մենք բավական լուրջ ուշադրություն ենք դարձրել այս ոլորտին եւ ներդրումներ ենք կատարել։ Եւ այդ ներդրումները պետք է, իհարկե, շարունակենք, որպեսզի արդիականացնենք ենթակառուցվածքները, որոնք այսօր առկա են ՀՀ-ում»:
Սեմինարի արդյունքների եւ եզրակացությունների հիման վրա ջրային ոլորտի քաղաքականության մասին առաջարկությունները կամփոփվեն եւ կներկայացվեն հաջորդ սեմինարի ընթացքում, որը տեղի կունենա աշնանը։




























