Հայաստանն անհաղորդ է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին եւ ի հայտ եկող նոր մարտահրավերներին։ Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ նշելով. «Մենք փորձում ենք ապրել այնպես, կարծես ոչինչ չի փոխվել մեր շուրջը, այնինչ, իրականությունն այդպիսին չէ։ Հին պայմանգրերը «խարխլվել» են,  եւ մենք դա կարող ենք տեսնել առավելապես ՆԱՏՕ-ում, որտեղ Թուրքիայի գործողությունները ակնհայտորեն չեն համընկնում կազմակերպության ուղեգծի հետ։ Այդ պրոցեսը նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում կարելի է նկատել, երբ Ռուսաստանը ակնհայտորեն իր շահերը վեր է դասում իր դաշնակիցների շահերից եւ չի թաքցնում դա։ Բացի դրանից, սկսվել է մի նոր գործընթաց, որը բավական լուրջ հետեւանքներ է ունենալու մեր տարածաշրջանի վրա։ Դա Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրն է, ըստ որի՝ ԵՄ-ն ավելի է ներգրավվելու Հարավային Կովկասի հանրապետությունների ժողովրդավարական գործընթացները վերահսկելու գործում։ Եւ դրա մեխանիզմը՝ «Եվրանեստ» կոչվող խորհրդարանական վեհաժողովը, ստեղծման եզրին է»։

Հովհաննիսյանի խոսքով, առաջանում են իրավիճակներ, նոր քաղաքական բեմեր, որտեղ որ նոր խաղացողներ ու մոտեցումներ են պետք, սակայն Հայաստանը պահպանողական մոտեցում է ցուցաբերում ձեւավորվող նոր քաղաքական հարթակներին ու նոր մարտահրավերներին, զբաղվելով միայն պոպուլիստական հայտարարություններ անելով։

«Միայն ու միայն ժողովրդին պատմելով, թե տնտեսական աճ կա, իրականության մեջ հարեւանների հետ տնտեսական մրցակցություն չես ապահովի, ասելով, որ մեր բանակը ամենաուժեղն է, իսկ դա, վստահ ենք, այդպես էլ կա, հավերժ այդ գերակշռությունը չես ապահովի։ Ասելով, որ մենք ավելի ժողովրդավար ենք, քան Ադրբեջանը, իրական ժողովրդավարություն երկրում չես կառուցի։ Ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում, եւ կարծում եմ, որ մեր իշխանությունները ժամանակն է, որ լուրջ հետեւություններ անեն»,-հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։