Հունիսի 15-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում տեղի ունեցած Միջերկրականի Օմբուդսմենների Միավորման ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվել է Միավորման լիարժեք անդամ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ օմբուդսմենի գրասենյակից, Մադրիդում տեղի ունեցած Միջերկրականի Օմբուդսմենների Միավորման ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Թուրքիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջարկությունը` մշակել եւ հրապարակել հատուկ հայտարարություն Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման, ինչպես նաեւ Իսրայելի զինված ուժերի եւ թուրքական նավատորմի միջեւ տեղի ունեցած բախման վերաբերյալ:
Քննարկման ընթացքում հնչել են տարբեր կարծիքներ: ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը իր ելույթում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների հիմնական առաքելությունը իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն է, իսկ եթե որոշում կայացվի քննարկել միջպետական խնդիրները, ապա պետք է քննարկել բոլոր տեսակի շրջափակումների խնդիրները, այդ թվում եւ Հայաստանի շրջափակումը` միասնական հայտարարություն մշակելու նպատակով:
Իսրայելի Օմբուդսմենը առաջարկել է ընդհանրապես չանդրադառնալ նշված խնդրին, քանի որ այդ հարցի քննարկման համար ստեղծվում է միջազգային հանձնաժողով: Բանավեճի արդյունքում որոշվել է զերծ մնալ համատեղ հայտարարությունից:
Միջերկրականի Օմբուդսմենների Միավորումը հիմնադրվել է 2008թ-ին Միջերկրականի Օմբուդսմենների ցանցի հենքի վրա:
Միավորման անդամներն են Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի եւ մի շարք այլ երկրների Օմբուդսմեններ, ՄԻ հանձնաժողովներ, ինչպես նաեւ այլ գիտահետազոտական հաստատություններ: Միջերկրականի Օմբուդսմենների Միավորման նպատակն է ապահովել եւ պաշտպանել ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ սոցիալական արդարության սկզբունքները: Այս միավորման խնդիրներից են` տարածել մարդու իրավունքների ոլորտի ազգային եւ միջազգային օրենսդրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Ռաբաթի Հռչակագիրը եւ նպաստել դրանց պատշաճ կիրառմանը:




























