Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը պատրաստվում է Էկվադորից դեղ ներմուծել Հայաստան, այնուհետեւ արտահանել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ գործարքն արդեն կատարված է, դեղը շատ շուտով կլինի Հայաստանում:
«Բիրմ տեսակի բույս կա, որն աճում է միայն Էկվադորում եւ որից հատուկ դեղ են պատրաստում իմունային համակարգի բարձրացման համար, այսինքն այս դեղով հնարավոր է բուժել քաղցկեղը եւ այլ ծանր հիվանդություններ: Հենց այս դեղամիջոցն էլ մենք որոշել ենք ներմուծել, հանդիպել է դեղն արտադրողի հետ, պայմանավորվել ենք արդեն եւ սեպտեմբերի 10-ից արդեն բաց կլինի կենտրոնը Երեւանում եւ կսկսվի վաճառքը»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ինքը վստահ է այս դեղամիջոցի արդյունավետության վրա, քանի որ ժամանակին այն իրենն էլ է օգնել՝ խուսափելու ծանր հիվանդությունից. «Հայ ժողովրդի համար ենք դա անում, իհարկե, էժան դեղ չի լինելու, որովհետեւ տրասնպորտային հարցեր կան, մեծ ծախսերի հետ են կապված, բայց դե հայերին այդ դեղը պետք է»:
Հայաստան դեղամիջոցը ներմուծելուց հետո այն կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս եւ Ղազախստան: Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ ԵՏՄ-ն մեծ հնարավորություններ է բացելու հայ գործարարների առջեւ:
«Այս շուկան բավականին մեծ գումարներ կմտցնի Հայաստան: Բացի դրանից՝ մենք առեւտրային հարաբերություններ ենք ստեղծում Հարավային Ամերիկայի երկրների հետ, այնտեղից այլ սննդանյութեր էլ կներմուծենք: Հիմա արդեն այս հարցն եմ ուսումնասիրում»,- ավելացրեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը արդեն մեկ շաբաթից ավելի է սեփական նախաձեռնությամբ Էկվադորում է, գնացել է այնտեղի գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու եւ «չերեզ» Հայաստան կամ հայկական մակնշումով ապրանքներ ներմուծելու ռուսական շուկա»:





























