Աֆղանստանի նախագահի երկու թեկնածուների կոշտ դիմակայությունը, որոնք երկուսն էլ իրենց հայտարարել են ընտրություններում հաղթող, պետությանը 5 մլրդ դոլարի վնաս է տվել: Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարար Օմար Զախիլվալը:
«Եթե ձայների հաշվարկը չավարտվի մինչեւ օգոստոսի վերջը եւ շարունակվի սեպտեմբերին, մենք բարդ կացության մեջ կհայտնվենք», - ընդգծել է նա՝ հավելելով, որ այդ դեպքում ինքը ստիպված է լինելու կրճատել աշխատավարձերը եւ աշխատանքից ազատել պետաշխատողների մի մասին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ВВС-ն:
Հիշեցնենք, որ երկրում քաղաքական ճգնաժամը սրվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հրապարակելուց հետո, երբ, ըստ նախնական տվյալի, հաղթել էր Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ահմադզայը: Նրա մրցակից, նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան, որն առաջին փուլի առաջատարն էր, չհամաձայնեց այդ արդյունքին՝ հայտարարելով, որ քվեարկության ժամանակ զանգվածային խախտումներ են տեղի ունեցել:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջնորդությամբ կողմերը ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համաձայնելով երկրորդ փուլում վերահաշվարկել բոլոր քվեաթերթիկները` ՄԱԿ-ի հսկողության ներքո: Անցյալ շաբաթ հայտարարվել է դրանց կեսը հաջող հաշվելու մասին:





























