Իսպանիայի քաղաքային գվարդիայի աշխատակիցները իսպանական ափերում հանգստացող Մարոկոյի Մուհամեդ VI թագավորին հանցագործի տեղ են դրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով El Mundo-ն: Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Սեուտում, որտեղ Մարոկոյի թագավորն ամառային արձակուրդն էր վայելում:

Նկատելով երկու արագանավերը եւ երեք հիդրոցիկլետները, որոնց վրա հանգստանում էին թագավորն ու իր շքախումբը, քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները որոշել են ստուգում անցկացնել: Նրանք հանգստացողներին խնդրել են ներկայանալ եւ ներկայացնել իրենց փաստաթղթերը` զայրացնելով թագավորին:

Թերթը հայտնում է, որ միջադեպի պատճառը եղել են տարածաշրջանում հաճախադեպ դարձած ստրկավաճառության եւ թմրանյութերի ապօրինի վաճառքի դեպքերը: Արագանավերը վերջին ժամանակներս սկսել են հաճախ օգտագործվել Իսպանիայի քաղաքներում ապրող աֆրիկացի միգրանտների կողմից` թմրանյութեր եւ վաճառքի համար մարդիկ տեղափոխելու համար: Որոշ ժամանակ անց` Մուհամեդ VI-ը զանգել է Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ին: Վերջինս կապվել է ներքին գործերի նախարար Խորխե ֆերնանդես Դիասի հետ` ստեղծված իրավիճակից դուրս գալու համատեղ որոշում կայացնելու համար:

Գվարդիայի բարձրաստիճան անձինք ուղեւորվել են Մարոկոյի թագավորի մոտ եւ ներողություն խնդրել: Մուհամեդ VI-ն ի պատասխան սեղմել է նրանց ձեռքը եւ ասել, որ «գվարդիականները շատ լավ են կատարել իրենց աշխատանքը», սակայն «իր նկատմամբ պատշաճ հարգանք չեն դրսեւորել» հայտնում է Local թերթը: