Վիշեգրադյան քառյակի երկրները (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա եւ Հունգարիա) սահմանել են համատեղ ռազմական ստորաբաժանման (որը պետք է ձեւավորվի 2016թ. առաջին կիսամյակում եւ գործի Եվրամիության զինված ուժերի շրջանակներում) գործունեության մեջ իրենց ներդրման չափը: Այդ մասին հաղորդել է Բրատիսլավայի Pravda թերթը՝ վկայակոչելով Սլովակիայի պաշտպանության գերատեսչության աղբյուրներին:

«Համատեղ ռազմական ստորաբաժանման մեջ կընդգրկվեն 3260 զինծառայողներ. 1450-ը՝ Լեհաստանից, 650-ը՝ Չեխիայից, 600-ը՝ Հունգարիայից եւ 560-ը՝ Սլովակիայից», - գրում է թերթը:

Pravda թերթը նշում է, որ համատեղ ստորաբաժանումը պետք է ձեւավորվի 2016թ. առաջին կիսամյակում եւ կգործի Եվրամիության զինված ուժերի շրջանակներում: Նպատակը, առաջին հերթին ռազմական հակամարտությունների կանխումը, թշնամի երկրներին բաժանումը, հումանիտար օգնության կազմակերպումն ու խաղաղ բնակիչներին վտանգավոր գոտիներից տարհանումն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: