Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 25-ին ընդունեց Գերմանիայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանին:

Նախարարը շնորհավորեց հայազգի բռնցքամարտիկին Մեկ անգամ եւս աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու կապակցությամբ եւ նորանոր հաղթանակներ ցանկացավ: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ Գերմանիայում հայի ազգանունը բարձր ես պահում: Քո մեջ կա Սոսե մայրիկի, Փառանձեմ թագուհու գենը, հաղթելու, ուժեղ լինելու կամքը: Դու յուրօրինակ երեւույթ ես սպորտի պատմության մեջ: Հավատում եմ, որ նոյեմբերին էլ կհաղթես ու քո հաղթանակը կնվիրես Ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ որպես մեր ազգի հավերժության, հաղթանակի խորհրդանիշ: Բազում արհավիրքներ տեսանք, բայց չվերացանք, ապրեցինք, ապացուցեցինք, որ հաղթող ժողովուրդ ենք եւ այսօր ունենք Շառլ Ազնավուր, Անրի Վերնոյ, Ատոմ Էգոյան, Արթուր Աբրահամ, Սյուզի Կենտիկյան…»:

Նախարարը հայազգի մարզուհուն նվիրեց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկը»:

Սյուզի Կենտիկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրեց ներկա գտնվել Գերմանիայում նոյեմբերի 8-ին կայանալիք մարտին եւ եւ խորհրդանշական ձեռնոցներ նվիրեց նրան: