Օգոստոսի 25-ին Սլովենիայի կառավարության նոր ղեկավար է ընտրվել իրավաբան Միրո Ցերարը: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, նա խորհրդարանից մանդատը ստացել է իր ծննդյան 51-րդ տարեդարձի օրը: Խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում կայացած գաղտնի քվեարկության արդյունքում Ցերարը ստացել է 90 պատգամավորներից 57-ի աջակցությունը:
Նոր վարչապետը պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի նախարարների թեկնածությունները: Դրա համար օրենքով եւս 15 օր ժամանակ է նախատեսվում:
Պատգամավորների առջեւ ունեցած ելույթում անդրադառնալով ապագա կառավարության աշխատանքի առաջնահերթություններին՝ Ցերարը նշել է, որ առաջնահերթ խնդիրներից են երկիրը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից դուրս բերելը, օրենքի եւ իշխանության մարմինների հանդեպ քաղաքացիների վստահության վերականգնումը:
Միրո Ցերարի ձախ-կենտրոնամետ կուսակցությունը հաղթել է հուլիսի 13-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ՝ ստանալով խորհրդարանի 90 տեղերից 36-ը: Խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար հաղթող քաղաքական ուժի հետ կոալիցիա են կազմել Սլովենիայի Թոշակառուների դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է երկրի ԱԳ նախարար Կառլ Էրյավեցը, ինչպես նաեւ ժամանակին երկրում մեծ ճանաչում վայելող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:





























