Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ օգոստոսի 25-ին, ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամներ Բրեթ Բաթին, Լեոն Բենուային եւ Ռաս Հայբերթին: Նրանց ուղեկցում էր նաեւ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆին:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել կանադացի խորհրդարանականների ներդրումը` հայ-կանադական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում: Պատվիրակության անդամներն իրենց հերթին վստահեցրել են, որ շարունակելու են գործունեությունը` ուղղված Հայաստանի եւ Կանադայի միջեւ համագործակցության առավել սերտացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մտքեր են փոխանակվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ:

ԱԳ նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը: