Սեւանա լճի ստորջրյա տարածքի գիտահետազոտական առաքելություն է իրականացվելու 2010-ի հունիսի 21-30-ը ընկած ժամանակահատվածում: Ֆրանս-հայկական այս առաքելությունը կիրականացվի ծրագրի երկու հեղինակների՝ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող) եւ Ստեֆան Կոջայանի (օգնական) կողմից, ինչպես նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից հետազոտական կենտրոնների եւ պետական մարմինների հետ համագործակցությամբ, որոնք աշխատում են Սեւանա լճին առնչվող հարցերի շուրջ:
Ստորջրյա այս ուսումնասիրությունների նպատակն է՝ գիտնականների համար ձեռք բերել նմուշներ (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմեր եւ լուսանկարներ, իրականացնել ֆաունայի հաշվառումներ (ձկներ, խեցգետիններ) եւ ֆլորայի նկարագրություն, ձեռք բերել տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումների կամ երկրաբանական ուսումնասիրությունների համար, բացահայտել ստորջրյա քարանձավներ, իրականացնել հոսանքների չափումներ եւ այլն:
Ծրագիրը կապված է հետեւալ բնագավառների հետ՝ հիդրոերկրաբանություն եւ ձկնաբուծություն, երկրաբանական գիտություններ, էկոլոգիական եւ նոոսֆերային ուսումնասիրություններ, հնագիտություն եւ ազգագրություն, քարանձավագիտություն եւ պատմություն, եւ համագործակցում է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի հետ՝ Կարեն Բալայանի ղեկավարությամբ:
Բոլոր այս տարրերի ամբողջությունը հետազոտումների նպատակով կտրամադրվեն հայ գիտնականներին, որոնց արդյունքները անմիջականորեն կապված են այս քաղցրահամ ջրի պահեստի էկոլոգիական հավասարակշռության հետ, որն ունի ռազմավարական կարեւորություն եւ տարածաշրջանային նշանակություն:
Բացի այդ, ձեռք բերված տեղեկությունները հնարավորություն կտան բարելավել Սեւանա լճի վերաբերյալ տեղի բնակիչների տեղեկացվածությունը՝ համապատասխան հաղորդումների եւ ծանուցումների միջոցով:




























