Հայաստանում արտահերթ ընտրություններ միանշանակ լինելու են եւ Հայ Ազգային Կոնգրեսը 100 տոկոսով տրմադրված է դրանց՝ այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով. «Մեր երկրում ամեն ինչ էլ հնարավոր է։ Մի երկրում, որտեղ օրենքը չի գործում, որեւէ այլ տրամաբանություն չկա։ Սա նշանակում է, որ արտահերթ ընտրություններ էլ կարող են լինել, ամեն ինչ էլ կարող է լինել։ Որովհետեւ այսօրվա պայմանները, թե ներքին, թե արտաքին, դրան նպաստող են»:

Վ. Խաչատրյանի խոսքով՝ այսօր հասարակությունը չի վստահում իշխանություններին ու անհանդուրժող է նրանց նկատմամբ, բոլորը սպասումների մեջ են եւ կարիք ունեն փոփոխությունների։ Վահագն Խաչատրյանը հավելեց նաեւ, որ այս պահին ՀԱԿ-ը  նախապատրաստական աշխատանքներ է տանում եւ կազմակերպչական առումով 80 տոկոսով պատրաստ է արտահերթ ընտրություններին։ «Մենք 2008 թվականի փետրվարի 20-ից պատրաստվում  ենք արտահերթ ընտրությունների»,-ընդգծեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Նա կարծում է, որ արտահերթ ընտրություններին նպաստող հանգամանք կարող է դառնալ ցանկացած երեւույթ՝ թե՜ օտարալեզու դպրոցների վերաբացման կառավարության նախաձեռնությունը, թե՜ «Հեռուսատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, թե սոցիալ-տնտեսական վատթարացող վիճակը։ «Ամբողջ աշխարհում եվրոն անկում է ապրում, սակայն Հայաստանում ոչ մի ապրանքի գին չի իջնում։ Ամբողջ աշխարհը խոսում է ճգնաժամի մասին, սակայն մեզ մոտ հայտարարում են, թե ճգնաժամից դուրս եկանք, 7 տոկոս տնտեսական աճ ունեք, ու հլը տեսեք, թե ինչե՛ր ենք անելու....»,- ասաց նա:

Խաչատրյանն անդրադարձավ նաեւ այն պնդումերին, թե ներկայումս երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանն ուղղված գործընթաց չկա։ «Ինձ համար անհասկանալի են այդ մարդկանց պնդումները, առավել եւս, որ  նրանք զբաղվում են քաղաքականությամբ։ Այն մարդիկ, ովքեր գտնում են, թե պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա պետք է նպաստեն, որ նման պրոցեսները զարգանան։ Նման մոտեցում ցուցաբերելով այդ մարդիկ իշխանություններին ասում են՝ գիտեք ինչ կա, դուք մինչեւ 2012-13 թվականները վայելեք ձեր ժամանակը եւ արեք այն, ինչ որ ուզում եք, մենք հլը նման պրոցեսներ չենք տեսնում եւ նման պրոցեսներին նպաստող գործընթացում չկանք»:

Հիշեցնենք, որ օրերս նման տեսակետ հայտնեցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ու նույն կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ երկրում արտահերթ ընտրությունների գործընթաց առկա չէ։