Հանցագործություն՝ այսպես է գնահատում օտարալեզու դպրոցների վերաբացման իշխանությունների նախաձեռնությունը՝ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ «Ինձ համար անսպասելի է, որ այսօր, այն էլ այս «ցեղակրոն» կուսակցության կողմից այդ հարցը հրահրվում է։ Սա, մեղմ ասած, հանցագործություն է, մի վտանգ, որը կախված է մեր գլխին ու եթե դեմը չառնենք, վաղը մենք որպես ազգ էլ ենք վերանալու»,-նշեց ընդդիմադիր գործիչը։

Նա նաեւ հավելեց, թե նախաձեռնության վերաբերյալ իշխանությունների կողմից ներկայացված հիմնավորումներն անընդունելի են թե՜ իր, թե՜ ՀԱԿ-ի համար։ «Մի վատություն արել էր այս իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանը, երբ 90-ականների հաղթանակի օրերը դարձրեցին մութ ու ցուրտ տարիներ։ Դա ինձ համար ամենամեծ դավաճանությունն էր, որը կարող էր արվել մեր ժողովրդի հանդեպ։ Երկրորդն էլ՝ լեզվի հետ կապված հարց բարձրացնելն է։ Միշտ այդպես է լինում, նրանք, ովքեր շատ են խոսում ազգային գաղափարներից, հայրենասիրությունից, միշտ նրանք առաջին ազգադավն են լինում»,-նշեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Նա նաեւ ընդգծեց, որ եթե իշխանությունն իրոք մտադիր է  բարձրացնել կրթության որակը, ապա դրա ամենահեշտ ձեւը դպրոցը քաղաքականությունից հեռու պահելն է։ «Երբ դպրոցը հեռու ես պահում քաղաքականությունից, վերջ, հարցը լուծվում է ու դպրոցն իր ֆունկցիան կատարում է։ Եթե դպրոցի ուսուցիչները չեն մասնակցում ընտրակեղծիքներին, երբ որ նրանց չեն պարտադրում այդ կաշառակերության համակարգի մեջ մտնել, ուրեմն ամեն ինչ ուղղվում է»:

Օտարալեզու դպրոցներ բացելը, ըստ ընդդիմադիր գործչի, վկայում է իշխանությունների սնանկության մասին։ «Պարզվեց, որ սա պատվեր է դրսից եւ իշխանությունները պատրաստ են կատարել ցանկացած պատվեր, միայն թե նրանց գովեն։ Եւ այս առումով, շատ վտանգավոր է, եթե օրենքը նույնիսկ առաջին ընթերցումով անցնի»,-նշեց ՀԱԿ ներկայացուցիչը։ Վահագն Խաչատրյանը միաժամանակ հավելեց, թե  դատելով իշխանությունների «այլանդակ, լկտի, անկիրթ պահվածքից», կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ անելու են՝ օրենքն ընդունելու համար։ «Սրանով նրանք ոչ թե տրամաբանված քայլ են անում, այլ ուզում են ասել՝ հայ ժողովուրդ, ձեզ հետ ինչ ուզում՝ անում ենք...Մարտի 1-ին էլ է նույն սկզբունքն աշխատել։ Այդ սկզբունքը ընդունված է հանցավոր աշխարհում, որտեղ «պախանի» ասածը բոլորը պետք է կատարեն, ոչ ոք իրավունք չունի իր կարծիքն ու մոտեցումները ներկայացնել»,-հայտարարեց նա: