Միայն Օբամայի համախմբած ՆԱՏՕ-ն կարող է կանգնեցնել Ռուսաստանին, գրում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը՝ Foreign Policy-ի իր հոդվածում: Օլբրայթի հոդվածը նվիրված է Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
«Երբ ես ԱՄՆ պետքարտուղար էի, մենք աջակցեցինք Ռուսաստան-ՆԱՏՕ պայմանագրին, եւ ես անձամբ ասել եմ նախագահ Բորիս Ելցինին, որ Մոսկվայի ցանկության եւ անհրաժեշտ պահանջները կատարելու դեպքում, մենք իրենց կընդունենք դաշինքի կազմում: Ստեղծվեց Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը», – գրում է Օլբրայթը: Ըստ նրա՝ 1990-ականներին Արեւմուտքն անհամբերությամբ էր սպասում Ռուսաստանի հետ համագործակցությանը՝ որպես միջազգային համակարգի երաշխավոր:
«Ցավոք, նախագահ Վլադիմիր Պուտինն այլ ուղի է ընտրել», – գրում է ԱՄՆ նախկին պետքարտուղարը: 2013 թ. նոյեմբերին, երբ հայտարարվել էր Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասին, ոչ ոք չէր կարող ենթադրել, որ հանդիպման թեման լինելու են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, նշում է Օլբրայթը: Այժմ հարցն այն է, թե ինչպես համաշխարհային պատմության ամենաուժեղ դաշինքը կարձագանքի «միջազգային օրենքների եւ սկզբունքների» այդպիսի խախտմանը, ասվում է ակնարկում:
Ըստ Օլբրայթի՝ կարեւոր է, որպեսզի Կարդիֆում ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում կայացնեն Մերձբալթիկայում դաշինքի զորքերի թիվն ավելացնելու մասին եւ ապահովեն, որպեսզի ամերիկացիները «միշտ նրանց շարքերում լինեն»: Ըստ հոդվածի հեղինակի՝ ՆԱՏՕ-ն համախմբել կարող է միայն Օբաման: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա եթե այն հրաժարվի ընդունել այսօրվա միջազգային համակարգի հիմնական սկզբունքները, ապա կարող է դառնալ միայն տարածաշրջանային գերտերություն, վստահեցնում է Օլբրայթը, փոխանցում է gazeta.ru-ն:




























