Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Նյուպորտում (Ուելս, Մեծ Բրիտանիա) ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնեցվել է Վրաստանի հետ համագործակցության նոր ձեւաչափի մասին որոշումը, որը կօգնի վերջինիս նախապատրաստվել անդամակցությանը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Այդուհանդերձ, նոր ձեւաչափը անդամակցությունը՝ որպես վերջնական նպատակ, չի դիտարկում: Բացի Վրաստանից, դրան մասնակցում են նաեւ Հորդանանը, Շվեդիան, Ֆինլանդիան եւ Ավստրալիան, որոնք նույնպես անդամակցության նպատակ չունեն:
Հաղորդվում է նաեւ, որ ՆԱՏՕ-ն գործարկում է արեւելյան հարեւանների հետ համագործակցության նոր ձեւաչափ՝ «գործողությունների պատրաստակամության ծրագիր» եւ Վրաստանը նույնպես կմասնակցի վերջինիս:
Ռասմուսենը հավելել է, որ ՆԱՏՕ-ի որոշումը «ուժեղ ազդանշան է Ռուսաստանին»:
«Մեր կողմից ընդունված որոշումը բավականին ծանրակշիռ ազդանշան է Ռուսաստանին: Ես կարծում եմ, որ սա կատարելապես համապատասխանում է իրավիճակին՝ պետք է Մոսկվային ազդանշան տալ Արեւելքում դաշինքի շահերը պաշտպանելու մեր պատրաստակամության մասին», - հայտարարել է նա:




























