ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելնսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Այդ մասին ասվում է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հրապարակված ՆԱՏՕ-ի՝ Ուելսում կայացած գագաթնաժողովի հռչակագրում:
Հռչակագրում նշվում է, որ ձգձգվող հակամարտությունների առկայությունը շարունակում է մնալ հատուկ անհանգստության առարկա՝ խափանելով եվրաատլանտյան համայնքի անդամի կարգավիճակում տարածաշրջանի բնակիչների ներուժը բացահայտելու բոլոր հնարավորությունները: «Կողմերին կոչ ենք անում կառուցողական եւ ուժեղացված քաղաքական կամքով ներգրավվել հակամարտությունների խաղաղ լուծման գործընթացին՝ բանակցությունների հաստատված շրջանակների սահմաններում», - ասվում է փաստաթղթի մեջ:
Բացի այդ, հռչակագրում ընդգծվում է, որ «Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի գրավումը եւ Արեւելյան Ուկրաինայում ռազմական ինտերվենցիան առաջ են քաշել Արեւելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի որոշ գործընկերների օրինական անհանգստությունը: Այդ կապակցությամբ, դաշնակիցները կշարունակեն սատարել «արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտներում ինքնուրույն եւ ինքնիշխան՝ արտաքին ճնշումից եւ հարկադրանքից ազատ ընտրություն կատարելու» գործընկերների իրավունքը: Դաշնակիցները նախկինի պես հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության աջակցությանը»:




























