Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ առաջին «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրը ՌԴ-ին տրամադրելու հարցով որոշում կկայացնի հոկտեմբերի վերջին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Ես որոշում կկայացնեմ հոկտեմբերի վերջին՝ ելնելով իրավիճակից»,-ասել է Օլանդը Մեծ Բրիտանիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո:

Նա «Միստրալի» տրամադրման երկու պայման է նշել. Կրակի դադարեցում Ուկրաինայում եւ ճգնաժամի քաղաքական կարգավորման մասին պայմանագրի առկայություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի ղեկավարությունը հարմար չի գտել Ռուսաստանին «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր տրամադրելու պայմանները՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին ասվում է այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ Ֆրանսիայի անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակն Ուկրաինայում: «Այն ծանր է: Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի արեւելքում խախտում են Եվրոպայում անվտանգության սկզբունքները:

Հանրապետության նախագահն արձանագրել է, որ չնայած կրակի դադարեցման հեռանկարին, որը մնում է հաստատել եւ կյանքի կոչել, Ֆրանսիան առաջին ուղղաթիռակրի տրամադրմանը հավանություն տալու համար պայմանները դեռ բավարար չի համարում»,-նշվում է հայտարարությունում, որն ընդունվել է Ֆրանսիայի անվտանգության խորհրդում: