Շատ կարեւոր է, որպեսզի ՆԱՏՕ-ի մասնակից-անդամները, հավատարիմ մնալով համաշխարհային հանրության կողմից հռչակված տիրապետող ժողովրդավարական սկզբուքներին, հավատարիմ մնան նաեւ ժողովուրդների ինքնորոշման տիրապետող իրավունքին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով՝ ԲՀԿ կուսակցության դիրքորոշումը, ըստ որի՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բոլորին է հայտնի: «Այն կմնա անփոփոխ: Կցանկանայի հույս հայտնել, որ միջազգային հանրությունը ազնվություն կդրսեւորի եւ այդ ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի», - ընդգծեց Տիգրան Ուրիխանյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հրապարակվել է Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը: Հռչակագրում, մասնավորապես ասվում է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Այդ կապակցությամբ, դաշնակիցները կշարունակեն սատարել «արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտներում ինքնուրույն եւ ինքնիշխան՝ արտաքին ճնշումի եւ հարկադրանքից ազատ ընտրություն կատարելու» գործընկերների իրավունքը: Դաշնակիցները նախկինի պես հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության աջակցությանը», - ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ:





























