Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ներկա է գտնվել Վաշինգտոնում կայացած Մերձավոր Արեւելքի ճգնաժամի թեմայով միջազգային կոնֆերանսին, որին շուրջ 500 մարդ էր մասնակցում՝ ներառյալ կրոնական գործիչներ, ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ Սենատի անդամներ, ՀԿ-ների, մամուլի ներկայացուցիչներ:

Արամ Ա-ն մամուլի ասուլիսում ընդգծել է, որ իր այցի նպատակը կողմերից մեկին ընդդիմանալը չէ: «Ճիշտ չէ ասելը, թե ազգային որոշ փոքրամասնություններ հալածվում են Մերձավոր Արեւելքում: Բռնությունն այսօր ուղղված է խղճի ազատության եւ մարդու հիմնարար իրավունքների դեմ եւ սպառնալիք է համայն մարդկության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ճգնաժամը քրիստոնյա-մահմեդական հարաբերությունների հետեւանք չէ: «Որոշակի խմբեր կրոնական ուսմունքները ծառայեցնում են իրենց շահերին»,- ընդգծել է  կաթողիկոսը:

Նա նաեւ նշել է, որ կրոնական եւ քաղաքական առաջնորդներից ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ակտիվ աշխատանք է ակնկալում: