Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Բրյուսելում ընթանում է Եվրամիությանը Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրին նվիրված եռակողմ հանդիպում: Ռուսաստանի կողմից հանդիպմանը մասնակցում է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, հաղորդում է ռուսական գերատեսչության մամուլի ծառայությունը: Ուկրաինան կներկայացնի արտգործնախարար Պավել Կլիմկինը, իսկ Եվրամիությունը՝ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Կառլ դե Գյուխտը:
Reuters գործակալության տվյալներով՝ Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանին ավելի երկար ժամանակ տրամադրել՝ Ուկրաինայի եւ ԵՄ-ի նոր առեւտրային փոխհարաբերություններին հարմարվելու համար:
Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը նախկինի պես հույս ունի ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններում հասնել փոխզիջումների ՝ չնայած իրավիճակի բարդությանը, հայտարարել է ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:
Ուլյուկաեւի խոսքով՝ փոխզիջումը նշանակում է մտահոգությունների վերացում, որոնք գործնականում սպառնում են ռուսական բիզնեսին. աա վերաբերում է մաքսային վարչարարությանը, սանիտարական, ֆիտոսանիտարական վերահսկողությանը, տեխնիկական կարգավորմանը:
«Կցանկանայինք մեր գործընկերներից մեծ ճկունություն, Ռուսաստանի իրական մտահոգությունների ավելի շատ ըմբռնում տեսնել», - հավելել է տնտեսական զարգացման նախարարության ղեկավարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի վավերացումը նախատեսվում է սեպտեմբերի 16-ին:





























