Եվրամիությունը հարգում է ասոցացման համաձայնագրից հրաժարվելու Հայաստանի որոշումը, անգամ եթե ափսոսում է դրա համար: Այս մասին սեպտեմբերի  12-ին Կիեւում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: NEWS.am –ին Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Բարոզուն անդրադարձել է Արեւելյան գործընկերության քաղաքականությանը եւ նշել, որ այդ քաղաքականությունը հրապարակային եւ թափանցիկ էր:  «Մենք երբեք մեր քաղաքականությունը որեւէ մեկի դեմ չենք ուղղել: Մենք երբեք չենք ձգտել բացառող հարաբերությունների: Հակառակը, մշտապես մեր արեւելյան գործընկերներին խրախուսել ենք լավ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ»,– նշել է նա:

Ըստ Եվրահանձնաժողովի նախագահի՝ Հայաստանի օրինակը ուսանելի էր: «Այդ երկիրը եւս ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններ էր վարում, բայց վերջին պահին ուժեղ ճնշման տակ որոշեց չստորագրել: Քննադատո՞ւմ ենք մենք այս որոշումը: Դադարեցնո՞ւմ ենք առեւտուրը: Նրա դեմ միջոցնե՞ր ենք ձեռնարկում: Իհարկե՝ ոչ: Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, անգամ եթե ափսոսում ենք դրա համար»,– ասել է նա:

Ըստ Բարոզուի՝ Ուկրաինայի դեպքում տեղի ունեցածը, ցավոք, ճիշտ հակառակն էր: «Ուկրաինան ցանկանում էր ստորագրել, եւ վերջապես, ստորագրեց Ասոցացման համաձայնագիր, իսկ Ռուսաստանը չհարգեց դա: Նա չցանկացավ, որպեսզի Ուկրաինան իր ուղին ազատ ընտրի կամ որոշի իր ապագան: Եվ դա, իհարկե,  չէր կարող ընդունվել»,– ընդգծել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

Իր խոսքի վերջում՝ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է. «Մենք հավատարիմ ենք Ուկրաինայի միասնականությանը եւ եվրոպական խաղաղությանն ու կայունությանը: Մենք պատրաստ ենք միասին աշխատել՝ հանուն միացյալ Ուկրաինայի՝ միավորված մայրցամաքում»: