Բելառուսի պատվիրակության այց Հայաստան եւս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ Հայաստանի ու Բելառուսի միջեւ բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահամյանը՝ Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունեց հյուրերին Ազգային ժողովում եւ նշեց, որ Բելառուսի պատվիրակության այցը եւս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ Հայաստանի ու Բելառուսի միջեւ բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:

Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերություններն ունեն իրենց ուրույն պատմությունը, եւ 2014թ-ին նույնպես քայլեր են ձեռնարկվել Բելառուսի Հանրապետության հետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանի եւ Բելառուսի համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ նշելով, որ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ Միջխորհրդարանական, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում: Հայ խորհրդարանականները հետեւողականորեն աջակցում  են Բելառուսի դիրքորոշմանը միջազգային հարթակներում:

Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից է խորհրդարանական ձեւաչափը, որի հիմնական հարթակն է Միջխորհրդարանական հանձնաժողովը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բելառուս գործընկերներին հրավիրեց մասնակցելու 2015թ-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Երեւանում կայանալիք միջոցառումներին: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ նմանատիպ ոճրագործությունների կանխման միակ ճանապարհը միջազգային հանրության կողմից դրանց ճանաչումն ու դատապարտումն է:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հույս հայտնեց, որ նիստի ընթացքում հնչած առաջարկությունները եւ ընդունված որոշումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը:

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին, շնորհակալություն հայտնելեց ջերմ ընդունելության համար:

Վիկտոր Գումինսկին նշեց, որ երկու եղբայրական ժողովուրդների պատմությունն ու ճակատագիրն ունեն շատ ընդհանրություններ: Այսօր երկու երկրներն էլ ձգտում են առավել խորացնել հարաբերությունները, աշխատել հանուն իրենց ժողովուրդների բարեկեցության: Նա նշեց, որ, հարաբերությունները միջազգային հարթակներում ճիշտ են ձեւավորվել, եւ հայկական ու բելառուսական պատվիրակությունները սատարում են իրար:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներինª Վիկտոր Գումինսկին նշեց նաեւ, որ հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ ճանապարհով: Խոսելով մարդկության դեմ կատարված ոճրագործությունների մասինª նա նշեց, որ պատվիրակությունը վաղը կայցելի Ծիծեռնակաբերդª հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Վիկտոր Գումինսկին ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց Բելառուս. հրավերը սիրով ընդունվեց ՀՀ ԱԺ նախագահ  Գալուստ Սահակյանի կողմից: