Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:30, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմանը կնախորդի մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժող. արտիստ Գոհար Գասպարյանի 90-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրությունը, թատրոնի նախասրահում կներկայացվեն նաեւ արտիստուհու բեմական զգեստները: Այդ օրվանից սկսած երեք ամիս շարունակ օպերային թատրոնում կներկայացվի «Կրկին ու դարձյալ Գոհար Գասպարյանի հետ» խորագրով ճանաչողական հանդիպումների շարքը: Երգչուհու երկարամյա բարեկամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը կներկայացնի արտիստուհու կյանքն ու գործունեությունը, կցուցադրվեն ֆիլմեր, կկազմակերպվեն համերգային ցերեկույթներ: Հոբելյանական հանդիսությունները կշարունակվեն մինչեւ տարեվերջ:
Դասական երաժշտության ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, ինչպես նաեւ Գ. Գասպարյանի հիշատակը վառ պահելու համար կանցկացվի մեծանուն երգչուհու անվան վոկալիստների հանրապետական մրցույթը: Դափնեկիրների գալա-համերգը տեղի կունենա Գ. Գասպարյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Օպերային արվեստի մեծագույն վարպետ, կոլորատուրային սոպրանո եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 14-ին Կահիրեում: Նա ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել Է Ֆելդմանի եւ Վ. Կարրոյի դասարանում։ 1948 թ. հայրենադարձվել է Հայաստան։ 1949 թ. Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի մեներգչուհի է եղել: Գ. Գասպարյանի երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ 1956 թ. երգչուհին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1984թ.` դարձել է սոցիալիստական աշխատանքի հերոս, պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ 1964թ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում, իսկ 1973 թ.Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել:




























