Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:

«Սիրելի Արսեն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Տաշքենդում կայացած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հաղթելու եւ չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:

Դուք միշտ բարձր եք պահել Հայաստանի պատիվն այս սպորտաձեւում եւ ոգեւորել բոլորիս տարբեր հեղինակավոր մրցաշարերում Ձեր ունեցած ձեռքբերումներով: Հայ ժողովուրդը հպարտանում է Ձեզանով, ով պատվով է ներկայացնում մեր երկիրը սպորտի ասպարեզում: Մշտական ուշադրության կենտրոնում պահելով այս ոլորտը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ եւս շարունակելու է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հետագա զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը:

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ, մաղթում նորանոր նվաճումներ եւ հաղթանակներ»,-ասված է շնորհավորանքում: