Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (նորընտիր խորհրդարանը) պաշտոնանկ է արել երկրի Կենտրոնական բանկի ղեկավար աս-Սադիկ Օմար ալ-Քաբիրին: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցներին:

Ալ-Քաբիրը չի մասնակցել Թոբրուքում (Եգիպտոսի հետ սահմանից 140 կմ հեռու) անցկացված քննությանը, որի ընթացքում քննարկվել են Կենտրոնական բանկի աշխատանքում պատգամավորների արձանագրած խախտումները:

Հաղորդվում է, որ ԿԲ նախկին ղեկավարը մեղադրվում է Ներկայացուցիչների պալատի օգտին Համազգային կոնգրեսի կողմից միջոցների փոխանցմանը խոչընդոտելու համար:

Ընդհանուր առմամբ, երդում տալուց ի վեր խորհրդարանականներին Բենղազիի մասնաճյուղից շուրջ 80 մլն լիբիական դինար է փոխանցվել (62.5 մլն դոլար): Սակայն ալ-Քաբիրը համարել է, որ իր տեղակալի գործողությունները հակասում են օրենքին, քանի որ իրականացվել են առանց բանկի տնօրենների խորհրդին տեղեկացնելու:

Ավելի վաղ Կենտրոնական բանկը դիմել էր նաեւ հակառակորդ խմբավորումներին՝ խնդրելով իրեն չներքաշել հակամարտության մեջ, քանի որ այդ կարող է միջազգային հանրությանը դրդել կրկին սառեցնել Լիբիայի արտասահմանյան ակտիվները: