Երեւանում, սեպտեմբերի 19-ին, տեղի կունենա տուրիզմի ոլորտում «Զբոսաշրջային Հայաստան-2014»  մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառման կազմակերպիչն է «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» ամսագիրը՝ «Հայաստանի տուրիզմի ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Ամիսներ շարունակ «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» ամսագրի աշխատակիցները Հայաստանի տարբեր մարզերում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններից ստանում էին մրցույթի մասնակցության հայտեր:

Մրցույթը բաղկացած էր երկու փուլից եւ անց էր կացվում հետեւյալ 13 անվանակարգերում՝ արտագնա տուրիզմի տուրօպերատոր, ներգնա տուրիզմի տուրօպերատոր, հյուրանոց, առողջարան, ռեստորան, էքսկուրսավար, ուղեցույց, տուրիստական ծրագիր, առողջարանային քաղաք, ազգային ավանդույթների պահպանման ծրագիր, բնապահպանության ծրագիր, էքստրեմալ տուրիզմի ծրագիր եւ հնագիտական խումբ: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգով եւ հյուրասիրությամբ՝ ի պատիվ դափնեկիրների:

Հայաստանում տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալած ընկերությունների կողմից ստացված հայտերի ընդհանուր քանակը 105 էր: Քվեարկության միջոցով մրցույթին հայտեր ներկայացրած ընկերություններն էլ ընտրեցին հաղթողներին:

Ծրագրի նպատակը. Հայաստանի նկատմամբ, որպես տուրիստական երկրի, ուշադրության գրավում, աջակցություն տուրիզմի ոլորտի զարգացմանը: Հաղթողների համար այս մրցանակը հավանաբար կդառնա եւս մեկ քայլ առաջ եւ լուրջ խթան կծառայի զարգացման ճանապարհին: Այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ Հայաստանն ավելի ու ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար, եւ շատ շուտով տուրիզմի ոլորտը կթեւակոխի բոլորովին նոր մակարդակ:  Վստահ ենք, որ տուրիզմի ոլորտում անցկացվող «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» մրցույթը կդառնա ամենամյա:

Արարողության պատվավոր հյուրերը հաղթողներին կհանձնեն բրոնզե արձանիկներ (հեղինակ՝ քանդակագործ Մարգարիտա Մատուլյան), դիպլոմներ եւ մրցանակներ:

Մրցանակաբաշխությանը հրավիրված են Հայաստանում հավատարմագրված տարբեր դեսպանությունների, կառավարության, ինչպես նաեւ տուրիզմի մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի գործիչներ, ԶԼՄ-ներ:  Հյուրերի թվում են` Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ի. Կ. Վոլինկինը, Բելոռուսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն, Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ա. Ռենոն, Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռ. Մորելը, ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջ. Հեֆերնը, Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թ. Շարմանաշվիլին, Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ի. Կուխտան, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը, «ՀԿԵ»  գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, երգահան Ռոբերտ Ամիրխանյանը, ՀՀ գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, «Ռադիո Վան» մեդիա հոլդինգի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը եւ այլոք: