Տարբեր հավատքների հետեւորդ տասնյակ հազարավոր ալբանացիներ Տիրանայում մասնակցել են Մայր Թերեզայի անունը կրող հրապարակում անցկացված Պատարագին, որը մատուցել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, Ալբանիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Հռոմի Պապն ասել է, որ հիմնականում մահմեդականներով բնակեցված Ալբանիայում քրիստոնյաների եւ մահմեդականների խաղաղ կրոնական գոյակցությունը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար:

Հռոմի Պապի այցն անցնում է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում: Քաղաքում շուրջ երեք հազար ոստիկաններ են պարեկում:

Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունեցող զինյալները կարող են մահափորձ կատարել Ֆրանցիսկոս Պապի դեմ:

Վատիկանի անվտանգության ծառայությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում փոփոխություններ մտցնել Պապի ծրագրի կամ երթուղու մեջ: