Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շրջանակում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ կնքված համագործակցության մասին տեխնիկական համաձայնագրին համապատասխան՝ Հայաստանից Լիբանան կուղարկվի 30 հոգանոց մեկ դասակ՝  երկու սպայով:

Այս մասին խորհրդարանում սեպտեմբերի 30-ին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ երկու սպաներից մեկը կծառայի գումարտակի շտաբում, մյուսը՝ բրիգադի:

Զաքարյանը հայտնել է, որ հայ խաղաղապահները  Իտալիայի խաղաղապահ ստորաբաժանման կազմում կգտնվեն Լիբանանի հարավում՝ Շալմա, Իթալաբ եւ Ալ Մանսուրի բնակավայրերում: Հայ խաղաղապահները կապահովեն ՄԱԿ-ի կայանների անվտանգությունը: Համաձայնագիրը Հայաստանին կարող է բերել նաեւ ֆինանսական որոշակի պարտավորություններ, որոնք հետո կփոխհատուցվեն:

Զաքարյանը հայտնել է, որ փաստաթուղթը քննարկվել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններում: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Իր հերթին Ազգային ժողովի պաշտպանու¬թյան, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը  նշել է, որ համաձայնագիրը Հայաստանի համար ռազմաքաղաքական կարեւոր նշանակություն ունի: «Քաղաքական տեսանկյունից համաձայնագիրը կարեւոր է հաշվի առնելով Հայաստանի շահերը Մերձավոր Արեւելքում: Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությանը  նաեւ դրական կանդրադառնա երկրի հեղինակության վրա»: