Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցի ուսուցիչ Բեգլար Մկրտումյանը մոտ 13 տարի աշխատել է այդ դպրոցում, եւ այդ ընթացքում որեւէ տարօրինակ կամ անշնորհք բան չեն նկատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը:

Նա նշեց, որ մոտ 10 օր է՝ նա չի աշխատում իրենց դպրոցում, պատճառը անհարգելի բացակայություններն էին, ինչի հետեւանքով աշխատանքից ազատվել է: Այժմ նրա դասաժամերը պարապում է մեկ այլ ուսուցիչ:

«Նորմալ, պարտաճանաչ, իր դասը գալիս, պարապում, միջոցառումներ անցկացնում, այնպես չէր, որ ասեմ ահավոր կերպար էր, բայց դե մարդու ներսում ինչ կա, չեմ կարող ասել: Սովորական ուսուցիչ, աշխատել է, եկել է իր դասերը պարապել, երեխեքը՝ իր, ինքը՝ երեխեքի հանդեպ լավ է եղել»,-ասաց նա:

Տնօրենն ասաց, որ Բեգլար Մկրտումյանը կյանքից շատ է հարվածներ ստացել, երիտասարդ հասակում կինը մահացավ, երեխաները մնացին իր խնամքին, միայնակ նրանց մեծացրել, կրթության է տվել ու ամուսնացրել: Դրանից հետո ինչ-որ մեկը նրան խաբել էր, տունը ձեռքից վերցրել, դատարանի միջոցով բնակարանը հետ էին վերցրել:

Տնօրենը կտրականապես հերքեց լուրերը, թե կոլեկտիվում գիտեն նրա՝ թմրանյութի հանդեպ սիրո մասին՝ ասելով, որ եթե նման բան լիներ, ինքը մի րոպե անգամ չէր մնա դպրոցում: Ավելին՝ Ալեքսամ Ահարոնյանը նշեց, որ Բեգլար Մկրտումյանը ալկոհոլ էր չէր օգտագործում, երեւի պատճառը մեքենա վարելն է: Դպրոցում աշխատելու տարիներին ընդամենը մի անգամ է նկատողության արժանացել ոչ սպորտային հագուստով դասերին հաճախելու համար եւ դրանից հետո միայն սպորտային հագուստով էր գալիս:

Ալեքսան Ահարոնյանը հերքեց նաեւ տեղեկատվությունը, թե վերջինս դպրոցում աշխատում էր հայտնի պաշտոնյայի հովանավորությամբ: Նա նշեց, որ ամռանը նա աղջկան ամուսնացրել է եւ ըստ տեղեկությունների՝ խնամին բարձրաստիճան պաշտոնյա է, բայց թե ով է, չգիտեն:

Այս խնդրի առնչությամբ NEWS.am-ին էին դիմել նաեւ դպրոցի երկու տասնյակից ավելի մանկավարժներն ու մի քանի ծնողներ, որոնք եւս հերքում էին տեղեկությունը՝, թե դպրոցում որեւէ մեկը տեղյակ է եղել տվյալ ուսուցչի նախասիրությունների մասին: Նրանք վրդովված նշում էին, որ իրենց դպրոցը միշտ բարձր է պահել իր անունը եւ եթե նման բանի մասին տեղյակ լինեին, անտարբեր չէին մնա:

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ թմրանյութ պահելու կասկածանքով օրերս կալանավորվել է երեւանյան դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

Ուշագրավն այն է, որ թմրանյութ հայտնաբերվել է ոչ միայն այդ ուսուցչի տնից, այլեւ դպրոցի իր աշխատասենյակից: NEWS.am-ին հաջողվել էր ճշտել, որ խոսքը թիվ 14 հատուկ դպրոցի ուսուցիչ Բեգլար Մկրտումյանի մասին է:

Նշենք, որ Բեգլար Մկրտումյանն արդեն կալանավորված է: