Հայաստանը սրանից երկու տարի առաջ Մադրիդյան փաստաթուղթն ընդունել է որպես բանակցությունների հիմք։ Միջնորդների մնացած բոլոր առաջարկներն աշխատանքային բնույթ են կրում։ Այս մասին հունիսի 23-ին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Բաքվից մշտապես հնչող հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը կոնկրետ պատասխան չի տալիս այդ փաստաթղթի այսպես կոչված նորացված տարբերակին։

Մադրիդյան փաստաթղթի սկզբունքները նախատեսում են «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը, Լեռնային Ղարաբաղին պետական կարգավիճակի տրամադրում, նրա անվտանգության եւ ինքնիշխանության ապահովում, Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ միջանցքի ապահովում, ԼՂՀ վերջնական կարգավիճակի վերաբերյալ կամքի արտահայտում, բոլոր փախստականների վերադարձ իրենց բնակավայրեր, միջազգային անվտանգության երաշխիքներ»։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը սկսվել է 1991 թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի՝ ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել խորհրդային անվտանգության ուժերի (ՊԱԿ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994 թ. ադրբեջանական կողմի խնդրանքով կնքվեց զինադադար։ Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։