Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարից  հետո «Էրեբունի» ԲԿ տեղափոխված դերասանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հիվանդության պատմագիրը կեղծվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական հերթական նիստին հայտարարեց  տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ միջնորդելով հարցաքննության կանչել դատաբժշկական փորձագետ Մինասյանին, որն իր եզրակացության մեջ գրել է, որ դերասանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, ապա հարցական նշան դրել:

Նշենք, որ նախաքննական ցուցմունքում փորձագետն ասել էր, որ կարծել է՝ դերասանն ալկոհոլ է օգտագործել, քանի որ վերջինը կատակներ է արել:

«Հիվանդության պատմագրում գրված է՝ հիվանդը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, եւ այլ գրիչով կողքին հարցականներ են դրված: Եթե գրված է այլ երանգի գրիչով, բնականաբար, դրանք հետո են դրվել: Երբ ընթացքում պատճենել են պատմագիրը, այդտեղ չկա դատաբժշկի ստորագրություն, իսկ երբ առգրավել են՝ կա: Հիմք ընդունելով հիվանդության պատմագրի էջերում առկա դատաբժշկի ստորագրությունների բացակայությունը, հիմնավոր կասկած է առաջանում, որ Վարդան Պետրոսյանի խմածության փաստը քողարկելու նպատակով  հիվանդության պատմագրի էջերը ենթարկվել են փոփոխության»,- հայտարարեց Ռուբեն Բալոյանը:

Ռուբեն Բալոյանի այս միջնորդությանը արձագանքեց Վարդան Պետրոսյանը՝ ասելով որ ինքը խմած չի եղել:

«Դա այդպես չէ. ինձ հիվանդանոց բերել են կիսամեռ վիճակում: Բժիշկներն ասել են՝ ալկոհոլ օգտագործե՞լ ես, ասել եմ՝ ոչ: Անցյալ դատերից մեկի ժամանակ մի էքսպերտի մեկ ժամ, տասնհինգ րոպե տեւած հարցաքննության ժամանակ անընդհատ փորձում էին պարզել մեծատառ եւ փոքրատառ, կրկնօրինակ, պատճեն  տարբերություններ,  հաջորդ դատը պետք է լինի հարցական նշանների, բացականչական նշանների, ստորակետների քննում»,- ասաց դերասանը եւ ավելացրեց. «Սա ձեւ է վարկաբեկելու իմ անունը, որովհետետեւ այն երեք մեղադրական կետերից հետո, որոնք հնարավոր է հերքվեն, օդից կախված է մնալու հանգամանքը՝ արդյոք խմած էր, թե չէ »:

Դատավորը մերժեց փորձագետ Մինասյանին դատարան հրավիրելու միջնորդությունը եւ հիշեցրեց՝ «յուրաքանչյուր եզրակացություն պետք է հետազոտվի եւ գնահատվի դատական քննության ընթացքում, մյուս ապացույցների հետ համատեղ վերլուծության եւ համադրման արդյունքում»:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը մերժեց նաեւ Նիկոլայ Բաղդասարյանի՝ քննիչ Հայկարամ Հակոբյանին դատարան հրավիրելու միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։