Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը կալանավորվելու է եւ տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Կտեղափոխվի նա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, թե ոչ, նա նշեց, որ դա կորոշեն բժիշկները՝ պայմանավորված նրա առողջական վիճակով: Դեպքի առթիվ ծառայողական քննություն է կատարվում, որի արդյունքում չի բացառվոււմ, որ կլինեն նկատողություններ կամ պաշտոնանկություններ: Իսկ փախուստի վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում, մեր տեղեկություններով, ներգրավված են կալանավորին հսկող անձինք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին հայտնաբերվել է սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորը: Հայ եւ վրացի ոստիկաննների համագործակցության արդյունքում նա հայտնաբերվել է Վրաստանում:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոցը՝ կալանք: Արտաքին նշաններն են. հասակը՝ 165 -170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով: Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:




























