«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով նախաքննությունը վերջապես ճիշտ ուղիով է ընթանում. Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» ճնշումներն այլեւս չեն ազդում քննիչների վրա: NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը՝ արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությանը, թե նախաքննությունը խախտումներով է ընթանում:

«Յուվեցի Կարոն» ամեն կերպ փորձում էր ճնշում գործադրել նախաքննական մարմնի, վկաների վրա, սակայն վերջապես քննիչները կարողացան ազատվել Կարոյի ճնշումներից եւ արդար որոշումներ կայացնել: Չենք հասկանում, թե ինչի է «Յուվեցի Կարոն» անընդհատ մեր որդու անունը տալիս, թե հանցագործ է, էս է, էն է: Իմ տղան տուժված է, մինչեւ էսօր էս վատ վիճակով կալանավայրում է, իսկ Կարոն ասում է՝ մարդասպան է: Ի՞նչ կապ ունի, թե իմ տղան ով է, Գոռը օրը ցերեկով կրակել է, վիրավորել 5 քաղաքացու, սա պետք է քննել, ոչ թե իմ տղան ինչով է զբաղվել: Ինչի՞ ա մենակ իմ տղու անունը տալիս»,- ասաց Լիա Հովհաննիսյանը:

Վալերի Հովհաննիսյանի ծնողները հորդորում են ԲՀԿ-ական պատգամավորին, ում փեսան է մայիսի 17-ին կրակել եւ վիրավորել 5 քաղաքացիների, ձեռնպահ մնալ գնահատականներ տալուց եւ սպասել նախաքննության ավարտին:

Ինչ վերաբերվում է Կարո Կարապետյանի հայտարարությանը, թե Վալերի Հովհաննիսյանը Ռուսաստանի Դաշնությունում մի քանի անգամ դատվել է՝ սպանության մեղադրանքով, վերջինիս հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը հերյուրանք է համարում:

«Կարոն դեռ պատասխան է տալու՝ նման կեղծ տեղեկատվություն տարածելու համար, իմ տղան ոչ մեկին չի սպանել, ոչ մի հանցանք չի գործել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին երկու նոր մեղադրանք է առաջադրվել Վալերիի եւ եւս 4 անձի վրա կրակած Գոռ Առաքելյանին: 

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։