ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի վիրտուալ սկանդալի կենտրոնում հայտնվելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում այժմ կարեւոր քննչական գործողություններ են ընթանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Թոքմաջյանը:

Նա նշեց, որ նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ չի կարող հաղորդել: Բայց իրավապահ մարմիններն արդեն հայտնաբերել են, թե որտեղից է այդ նամակը տեղադրվել ռեկտորի ֆեյսբուքյան էջում, մնում է պարզել տեղադրողի ինքնությունը: Ռեկտորը վստահ է, որ դա եւս վաղ թե ուշ կպարզվի: Այս ընթացքում Հովհաննես Թոքմաջյանը երկու անգամ ոստիկանությունում բացատրություն է տվել:

Նշենք, որ համացանցում տարածվել է ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի իբրեւ թե ֆեյսբուքյան նամակները: Դրանցից մեկի համաձայն` բուհի ռեկտորի եւ նրա աշխատակցուհիներից մեկի միջեւ սիրային կապ կա: Մեկ այլ գրառման մեջ անդրադարձ է կատարվում նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին. վերջինիս ուղղված հայհոյական խոսքեր են հնչում: Հատկապես կարեւոր գործերով քննչական վարչությունում հարուցվել է Քրեական գործ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 1 -ին մասի հատկանիշներով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը,այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետո):

Գործի շրջանակներում առայժմ ներգրավված անձինք չկան: