Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ այլեւս հետքայլի տարածք չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իջեւանում կայացած խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», իրազեկման հանրահավաքին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Երկիրն արդեն արտագաղթի իներցիայի մեջ է։ Բանակից վերադարձած երիտասարդը մեկ ամիս հետո հեռանում է հայրենիքից։ Այս իրավիճակը շարունակելու իրավունք չունենք։ Տավուշը սահմանամերձ մարզ է, որտեղ 88-ից հետո ամենամեծ կռիվներից մեկն է եղել։ Մենք իրավունք չունենք մեր անվտանգությունը բարձիթողի թողնել։ Կա՞ բնակիչ, այդ տարածքը քոնն է, չկա բնակիչ, տարածքը քոնը չէ։ Մենք մեր երիտասարդների, ազատամարտիկների թափած արյունը մոռանալու իրավունք չունենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ այսօր երկրում ստեղծված իրավիճակը հնարավոր է փոխել երկու քայլով։

«Իշխանությունը պետք է չթալանի բյուջեն, ատկատներով չապրի, փայ չմտնի գործարարներից»,- թվարկեց Մարտիրոսյանը՝ միաժամանակ նշելով, որ դրանք հնարավոր չէ լուծել ներկայիս իշխանությունների օրոք։

Նրա խոսքով՝ գյուղապետերը բնակիչներին թույլ չեն տալիս մասնակցել իրենց հանրահավաքներին՝ մոռանալով, որ եթե բնակիչը չլինի, իրենք էլ գյուղապետ չեն լինի։

Ի տարբերություն ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, որը Իջեւանում Շատրվանների հրապարակի հարթակից հայտարարեց, որ իրենք, ի տարբերություն նախորդ շարժումների, ոչ թե ասում են՝ «իշխանություն, հեռացեք, այլ, ասում են՝ կատարեք մեր պահանջները, եթե չեք անում, հեռացեք», «Ժառանգության» ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրենց պահանջը իշխանափոխությունն է։

«Հոկտեմբերի 10-ին միասնական իրար հետ դնելու ենք իշխանափոխության խնդիրը»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօրվա իշխանությունների բարեփոխումները սկսվում են Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելուց, ավարտվում է Շանթ եւ Շահեն Հարությունյանների դատավարությամբ։

«Հայաստանում այլեւս ազատամարտիկը չպետք է քաղաբանտարկյալ լինի, Հայաստանում այլեւս չպետք է փայ մտնեն, Հայաստանում այլեւս քաղաքացին իր տարրական իրավունքների համար չպետք է ստիպված պայքարի, այլ պետծառայողը պետք է ծառայի քաղաքացուն, որովհետեւ նրա վճարած հարկերից է աշխատավարձ ստանում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով՝  Հայաստանում հնարավոր է մինչեւ  միլիարդների հասնող ներդրումներ ապահովել, բայց դրա համար պետք է օրենքն աշխատի. «Պետք է չունենանք այնպիսի իշխանություն, որը մեկ գիշերվա ընթացքում որոշում է ընդունում, այլ խորհրդակցում է ժողովրդի եւ մյուս քաղաքական ուժերի հետ եւ փորձում է ճշմարտության հատիկը հանել, մենք այդպիսի իշխանության կարիք ունենք, այս իշխանություններն իրենց ատկատներով, փայամտությամբ բարոյական իրավունք չունենան պաշտոնավարել»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։