Ոչ իշխանական եռյակը մարզերում իրեն իրազեկման հանրահավաքներին, ինչպես նաեւ հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում եռյակի հրավիրած համապետական հանրահավաքին մասնակցելու ճանապարհին խոչընդոտների եւ սահմանափակումների հանդիպած բոլոր քաղաքացիներին կոչ է անում ցանկացած խնդրի հանդիպելիս անպայման կապվել իրենց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իջեւանում կայացած խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», իրազեկման հանրահավաքին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Մարդիկ մեզ մոտենում, հարցնում են՝ ո՞նց ենք գալու Ազատության հրապարակ, ճանապարհները փակում են, նկարահանում են, կանչում են կանխարգելիչ զրույցների, աշխատանքը կորցնելու ակնարկներ են անում։ Օրական 24 ժամ, վերցրեք մեր հեռախոսահամարները, կապվեք մեզ հետ, մեր տարածքային կառույցների հետ, ցանկացած խնդրի դեպքում, անմիջապես արձագանքելու ենք, քաղաքացու կողքին ենք կանգնելու, երբ որեւէ մեկը փորձի սահմանափակել նրա ազատ կամարտահայտման իրավունքը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը։

Անդրադառնալով Արարատում կայացած հանրահավաքին, երբ եռյակը ստիպված էր տեղափոխել հանրահավաքի վայրը, քանի որ Արարատի քաղաքապետն այնտեղ համերգ էր կազմակերպել, ԲՀԿ-ական պատգամավորը նախ Արարատի քաղաքապետին «մարզպետի ծառա» անվանեց, ապա սպառնաց, որ եթե նման ճնշումներ լինեն, իրենք «էնպիսի հակահարված կտանք, որ քիչ չի թվա»։