Սպառվել է ինչպես ժողովրդի համբերության սահմանը, այնպես էլ իշխանությունների սխալվելու սահմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իջեւանում կայացած խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», իրազեկման հանրահավաքին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ եռյակի օրակարգը ամբողջական իշխանափոխությունն է։
Նրա խոսքով՝ ոչ իշխանական ուժերի միասնությունը ցույց տվեց, որ մեր քաղաքական մշակույթն իմաստնացել է, իսկ 2013թ. նախագահի ընտրությանը իրենց պարտության պատճառն այն էր, որ իրենք մենակ էին։
«Էսօր հիմնական քաղաքական ուժերը ամեն հարց մի կողմ դրած՝ ասում են՝ մենք միասին ենք, մեկ նպատակ ունենք, իշխանափոխության հասնել»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ իշխանությունը որքան էլ ցույց չտա, մտահոգված է այս միասնության պատճառով։
Ժառանգական պատգամավորի խոսքով՝ իրենք մայդաններ չենք անի, բայց գիտեն՝ ինչպես օգտագործել հավաքական ուժը։ Նա բոլորին կոչ արեց ներկա լինել հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում եռյակի հրավիրած համապետական հանրահավաքին եւ ապացուցել, որ աջակցում են եռյակի միասնական քաղաքական օրակարգին։
Միեւնույն ժամանակ, Ռուբեն Հակոբյանը կոչ արեց չվախենալ իշխանության «պրիմիտիվ» մեթոդներից՝ ճանապարհները փակելը, պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնելը, Ղարաբաղի հարցը շահարկելը՝ վստահություն հայտնելով, որ եթե իրենք միասնական «մեկ հրապարակ լցնեն», իշխանություններն անպայման կզիջեն։




























