Դիլիջանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Դիլիջանում վերակառուցվել եւ վերաբացվել է քաղաքի երաժշտական դպրոցը:  Հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանի խոսքով՝ սա քաղաքի կրթական զարգացմանն ուղղված նախաձեռնություններից միայն առաջինն է:

«Շատ մեծ աշխատանք է կատարվել, երեխաներն այժմ ավելի հարմար պայմաններում կարող են սովորել: Մեր հիմնադրամը, որի հիմնադիրները հենց Դիլիջանի քոլեջի հիմնադիրներն են, քաղաքի բարերարները, նախաձեռնությունների շրջանակը ընդլայնում են։ Մեզ համար շատ կարեւոր է քաղաքի կրթական ենթակառուցվածքների զարգացումը: Սա նման նախաձեռնություններից մեկն է եւ շարունակական է լինելու»,-ասաց Արթուր Հակոբյանը:

Դիլիջանի երաժշտական դպրոցի վերակառուցումն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Քոունթերփարթ ինթերնեշն» կազմակերպության, Դիլիջանի զարգացման հիմնադրամի և Դիլիջանի քաղաքապետարանի ուժերով:  Վերակառուցման համար 55 մլն դրամ է ծախսվել, որից 16 միլիոնը տրամադրել է Դիլիջանի զարգացման հիմնադրամը:

Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդն ստեղծել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»  բարեգործական հիմնադրամը` Հայաստանում և Արցախում երկարաժամկետ ծրագրեր իրականացելու համար: