ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ուսուցչի օրվա առթիվ, կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար մի խումբ մանկավարժների շնորհվել է Վաստակավոր մանկավարժի կոչում: ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ մանկավարժներ նաեւ պարգեւատրվել են Մովսես Խորենացի մեդալով: Պարգեւները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետն Ուսուցչի օրվա կապակցությամբ, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում եւ կրթության եւ մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ մանկավարժների պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրերով: 

Տարվա լավագույն ուսուցիչ եւ դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգեւատրվել են ավտոմեքենաներով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով:   

Վարչապետն Ուսուցչի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում մասնավորապես նշել է. 

«Սիրելի ուսուցիչներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: 

Այն շատ սիրված տոն է յուրաքանչյուրիս համար: Հայ ժողովուրդը միշտ էլ բարձր է գնահատել ուսուցչի նվիրյալ գործունեությունն ու հավատարմությունը իր վեհ կոչմանը: Ձեր անձնվեր աշխատանքի շնորհիվ է, որ դուք մշտապես, նույնիսկ հայրենիքի համար ճակատագրական պահերին, հուսալի թիկունք եք եղել՝ յուրովի ամրացնելով հայոց պետականության հիմքերը: Դրա մասին է վկայում մեր ժողովրդի բազմադարյա պատմությունը, երբ նույնիսկ պետականության կորստի պայմաններում հայ ուսուցիչը շարունակում էր սերունդ կրթել՝ մտապատկերում ունենալով վերականգնված պետականության տեսլականը: 

Մեր նորագույն պատմությունը կերտելու առաջին իսկ օրերից՝ հաղթահարելով դժվարություններ, դուք ձեր անխոնջ աշխատանքով մեծապես նպաստեցիք նորաստեղծ պետության կայացմանը: Մենք կարողացել ենք արձանագրել հաջողություններ, որովհետեւ դուք մշտապես սերմանել եք եւ սերունդների մեջ վառ պահել հայրենիքին անմնացորդ նվիրվելու գաղափարը: 

Սիրելի ուսուցիչներ, 

Կրթական համակարգը մշտապես պետական հոգածության կարիք է ունեցել: Գիտակցելով այդ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցում եւ շարունակելու է ամեն կերպ աջակցել համակարգին՝ կարեւորելով գիտելիքահեն եւ մրցունակ տնտեսության նշանակությունը ժամանակակից աշխարհում: Դա բխում է մեր ազգային շահերից: Վստահեցնում եմ ձեզ, որ կառավարության դերակատարությունը եւ աջակցությունն այդ գործընթացին աստիճանաբար դառնալու է ավելի շոշափելի եւ տեսանելի:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն ու անսպառ եռանդ ձեր ազգանվեր առաքելության մեջ»: