ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը դատապարտել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Դեր Զորի հայկական եկեղեցու ավերումը
«Մեզ տեղեկացրել են, որ սեպտեմբերի կեսերին ԻՊ-ն ավերել է Սիրիայի Դեր Զորի հայկական եկեղեցին: Մենք դատապարտում ենք եկեղեցու եւ կրոնական այլ կառույցների ավերումը»,- ասվում է հանձնակատար Ռուպերտ Քոլվիլի մամուլի քարտուղարի հայտարարությունում:
Հայտարարությունում ընդգծվում է, որ նման պահվածքը հատուկ է ԻՊ-ի համար, որի անդամները պայթեցնում են մզկիթներ եւ սրբավայրեր, ավերում եկեղեցիներ Իրաքի հյուսիսում: Կառավարական ուժերի եւ հակակառավարական զինված խմբավորումների գործողությունների հետեւանքով շարունակվում են ավերվել հոգեւոր ժառանգության եւ հնագիտական հուշարձաններ:
Միաժամանակ ընդգծվում է, որ հակակառավարական զինված խմբավորումների հարձակումների դեպքերը կրոնական կառույցների, ներառյալ` Սիրիայի եկեղեցիների վրա, նույնպես ավելացել են այս տարի:
Բացի դրանից, կառավարական զորքերը շարունակում են ռազմական օբյեկտներ տեղակայել մշակութային կառույցների շուրջ եւ դրանք վերածել զորամասերի: «Մենք նաեւ անհանգստացած ենք, որ 2013 թ. ապրիլին Հալեպից առեւանգված արքեպիսկոպոսներ Հովհաննես Իբրահիմի եւ Պողոս Յաազիգի եւ հունվարին Էր Ռակայից առեւանգված հայր Պաոլո Դալ Օգլիոյի գտնվելու վայրն անհայտ է մնում: Մենք ընդգծում ենք, որ հոգեւոր անձնակազմը եւ կրոնական հաստատությունները օգտվում են հատուկ պաշտպանությունից` միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան, եւ պետք է հարգվեն եւ պաշտպանվեն բոլորի կողմից»,- ասվում է հայտարարությունում:




























