«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դաիելյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ նշելով, որ դադարեցնում է իր լիազորությունները ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում:

Նրա նամակում ասվում է.

«ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի՛ պարոն Գասպարյան,

Կարեւորելով հասարակական վերահսկողության դերը հավաքների ընթացքում, ես դիմել էի, որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար: Սույն թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանությունից ստացա նամակ, որում տեղեկացվում էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 507-Ա որոշման համաձայն ես` Արման Դանիելյանս, ընդգրկվել եմ տվյալ հանձնաժողովում:

Քանի որ տեւական ժամանակ ոչ մի նիստ չէր գումարվում, ես ինքս nախաձեռնությամբ հանդես եկա՝ Ձեզ ուղարկելով համապատասխան տեսանյութեր, որտեղ հստակ երեւում էր, թե ինչպես էին հունիսի 23-ին, Սարյան 22 հասցեում կազմակերպված հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգի պահպանման ժամանակ բռնություն գործադրոuմ ցուցարարների նկատմամբ, եւ առաջարկելով կարգապահական վարույթ հարուցել ոստիկանների կողմից հնարավոր օրինազանցության դեպքերի քննության նպատակով։

Գրությանս ի պատասխան ինձ նամակով տեղեկացրեցին, որ հանձնաժողովի նիստեր գումարվում են միայն կարգապահական կոպիտ խախտումներ ի հայտ գալու դեպքում, իսկ վերը նշված դեպքի առնչությամբ ասվում էր, որ իրականացվում է ծառայողական քննություն, եւ եթե հայտնաբերվի կոպիտ խախտում, կգումարվի կագապահական հանձնաժողովի նիստ:

Սակայն ոչ այդ, ոչ էլ մի շարք այլ՝ հասարակության կողմից լայն քննարկումների առարկա դարձած միջադեպերով ոչ մի նիստ չի հրավիրվել, եւ ես այդ մասին ոչ մի ծանուցում չեմ ստացել:

Հաշվի առնելով հանձնաժողովի բացարձակ անգործությունը՝ ես կարծում եմ, որ վերջինիս գոյությունը զուտ ձեւական բնույթ է կրում եւ չի ծառայում իր նպատակներին: Այդ պատճառով նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ անդամակցությունը այդ հանձնաժողովին:  Հետեւաբար խնդրում եմ 2014 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել իմ լիազորությունները ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում»: