ՌԴ ԿԳՆ-ն նախատեսում է փորձարկել միգրանտների եւ վերաբնակեցվածների 1-6-րդ դասարանի երեխաների ուսուցման համար ռուսաց լեզվի եւ գրականության նոր՝ հատուկ դասագրքեր ստեղծելու հայեցակարգը, հայտնում է «Ռոսբալտը»:
Ըստ աղբյուրի` դասագրքերում համատեղվելու են աշակերտի մայրենի լեզվի եւ ռուսերենի տարրեր:
Հայեցակարգը ստեղծելուց եւ վավերացնելուց հետո կազմվելու է դասագրքերի վերջնական ցանկը` դրանց գիտական, մանկավարժական եւ հասարակական փորձաքննություն անցնելու պայմաններում: Ըստ կրթության եւ գիտության նախարարության` տվյալ նախաձեռնության ընդհանուր բյուջեն կազմում է 5-7 մլն ռուբլի: «Լեզվի ուսուցումը պետք է իրականացվի այդ բառի լայն իմաստով: Ուսուցումը պետք է հիմնվի երկլեզվության եւ երկմշակութայնության վրա» - ընդգծել են գերատեսչությունում:
Նախաձեռնությունը վերաբերելու է մեծամասամբ ազգային դպրոցներին կամ ուսումնական հաստատություններին, որոնք ունեն այդպիսի դասարաններ: Դասագրքերն ուղղված են հիմնականում ԱՊՀ երկրների երեխաների ուսուցմանը:




























