«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալների ընտանքները հույս չունեն, թե Հայաստանում Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների նկատմամբ արդար դատավճիռ կկայացվի, եւ արդեն քայլեր են ձեռնակում Եվրոպական դատարան դիմելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
«Դատավարությունը մոտենում է ավարտին, հոկտեմբերի 15-ին դատավորը երեւի թե դատավճիռը կկարդա: Ամբողջ դատական պրոցեսը ֆարս էր, ազատության համար մարտնչող մարտիկները հանցագործների փոխարեն պետք է բանտերում հայտնվեն: Դատավճռից էլ մենք մեծ հույսեր չունենք, արդեն որոշել ենք, որ կդիմենք Եվրադատարան»,-ասաց Ռուզաննա Բադալյանը՝ նշելով, որ ինչպիսին էլ դատավճիռը լինի, արդեն անարդար է այն, որ տղաները մեկ տարի է՝ կալանավորված են:
Ռուզաննա Բադալյանի խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում Շանթ Հարությունյանի մասին խոսելիս նրան հանցագործ անվանելով եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում որոշումը կայացնում է ոչ թե արդարադատությունը, այլ ինքը:
«Այնպես չէ, որ մեզ համար նորություն է, որ նախագահներն են ուղղորդում դատարանին, բայց նախագահը եւս մեկ անգամ հաստատեց, որ ինքն է դատարանի տերը: Նա Շանթին հանցագործ անվանելու ժամանակ ուղղակի թայֆայական մտածողության մեջ իրեն դրսեւորեց: Սերժ Սարգսյանը խախտում է Սահմանադրությունը, նա դիկտատոր է հանդես գալիս ու չգիտեմ ՝ ում պահանջներն է կատարում Հայաստանում»,-ասաց նա:
Ռուզաննա Բադալյանը նշեց, որ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների սկսած երթի ժամանակ բախումները հրահրել են ոստիկանները, այդ պատճառով պատասխանատվության պետք է ենթարկվեին հենց նրանք: «Տղաներին պետք է պարզապես փոքրիկ տուգանքներ նշանակվեին»,-ասաց նա:
Ամբաստանյալների հարազատները նշեցին, որ իրենք հացադուլներ, նստացույցներ կկազմակերպեին, եթե իմանային, որ դրանք անօգուտ չեն լինի: «Մենք կարող ենք միայն բողոքի ցույցերի միջոցով պայքարել եւ ազատություն պահանջել տղաների համար, իսկ մնացածը պետք է անի մեր ժողովուրդը, ինչը չարեց»,-ասաց Ռուզաննա Բադալյանը:
Ամբաստանյալ Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը, պատմեց, որ նոյեմբերի 5-ին տնից դուրս գալիս ամուսինն իրեն ասել է, որ երթը խաղաղ է լինելու:
«Մենք մտավախություն չունեինք, թե հնարավոր է՝ բախումներ լինեն: Իսկ պայթուցիկներն ու փայտերը նրանք վերցրել էին, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է՝ երթը սադրեն եւ իրենք ինքնապաշտպանվելու կարիք ունենան»,-ասաց նա:
Ամբաստանյալ Սեւակ Մնացականյանի մայրը՝ տիկին Նորան, նշեց, որ զղջում է հայրենասեր ու ճշտախոս որդի մեծացնելու համար, քանի որ «Հայաստանում այդպիսի մարդիկ տեղ չունեն»:
«Ազնիվ, ճշտախոս ու կարգապահ որդու եմ մեծացրել, բայց հիմա զղջում եմ: Կառավարությունը ցույց տվեց, թե ազգի համար պայքարողնրի տեղը որտեղ է: Որդուս դատում են ընկերոջ՝ Ավետիս Ավետիսյանին օգնելու համար, որին 8 հոգի ծեծելիս են եղել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։
Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։
Նշենք, որ դատախազը Շանթ Հարությունյանի համար պահանջել է 7 տարվա, նրա անչափահաս որդու համար՝ 5 տարվա ազատազրկում։ «Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանին դատախազը միջնորդել է դատապարտել 6 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 6 տարի, 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 տարի, 6, ամիս, Վահե Մկրտչյանին՝ 8 տարի, 6 ամիս, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամիս, Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Սեւակ Մնացականյանին՝ 4 տարի, Տիգրան Պետրոսյանին՝ չորս տարի, Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի , Ալեք Պողոսյանին` 6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով։




























