«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալների հարազատները նախօրեին հանդիպել են ԵԽԽՎ Մարդու իրավունքների խորհրդի գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսին, նրա հետ զրուցել, հասկացել, որ նա տեղյակ է գործից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
«Երբ ես խոսեցի ընդամենը 15 տարեկան Շահեն Հարությունյանի մասին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն ասաց, որ նա ընդհանրապես ոչ մի պատասխանատվության չպետք է ենթարկվի: Այսպիսով ես հասկացա, որ նրանք տեղեկացված են այս գործից»,- ասաց Ռուզաննա Բադալյանը՝ նշելով, որ ԵԽԽՎ հանձնակատարն իրենց խոստացել է հետեւել գործի ընթացքին:
Նրա խոսքով՝ իրենք հանձնակատարին նամակ են հանձնել, որտեղ նշված է եղել 17 քաղբանտարկյալի անուն:
Նամակում նշված քաղբանտարկյալներն են.
1.Շանթ Հարությունյան
2.Ալեք Պողոսյան
3. Ավետիս Ավետիսյան
4. Լիպարիտ Պետրոսյան
5. Վարդան Վարդանյան
6. Արմեն Հովհաննիսյան
7. Միսակ Առաքելյան
8. Վահե Մկրտչյան
9. Ալբերտ Մարգարյան
10. Սեւակ Մնացականյան
11. Հայկ Հարությունյանը
12. Տիգրան Պետրոսյան
13. Մկրտիչ Հովհաննիսյան
14. Շահեն Հարությունյան
15.Անուշավան Գրիգորյան
16.Հայկ Կյուրեղյան
17. Վոլոդյան Ավետիսյան
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։
Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։
Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։




























