Գիտությունների ազգային ակադեմիայում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մեկնարկել է «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» երիտասարդական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին:
Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի եւ ՀՀ-ում ռուս համագործակցության ներկայացուցչության հետ համատեղ։ Գիտաժողովի բացումը համընկել է Ճարտարապետության միջազգային օրվան։
Բացման արարողությանը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ ինքն այն երջանիկ ճարտարապետներից է, որը Թորոս Թորամանյանի գործերը կարդացել է ամբողջությամբ եւ ոչ մեկ անգամ։ «Իմ ամբողջ աշխարհայացքը փոխվել է այն օրից, երբ այդ աշխատությունները, ամբողջ հատորները կարդացի»,- ասաց նախարարը՝ հայ ճարտարապետությամբ հետաքրքրվողներին ու այն ուսումնասիրողներին, հատկապես երիտասարդներին խորհուրդ տալով ծանոթանալ Թորամանյանի ժառանգությանն ամենայն մանրամասնությամբ:
Նախարարն ընդգծեց, որ մեր օրերում շատ է կարեւորվում ժառանգության պահպանման խնդիրը՝ հատկապես տեսնելով այն հետաքրքրությունը, որը կա մեր տարածաշրջանում մշակութային արմատները փնտրելու, զարգացնելու, հասկանալու առումով: Նախարարի խոսքով՝ հենց Թորամանյանին կարելի է համարել այն բացառիկ գիտնականներից մեկը, ով շատ ազնվորեն է վերաբերվում մշակութային փոխառնչություններին:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գեւորգ Վարդանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մեկնարկել է 2012թ. հուլիսից, առաջին տարում ծրագրի բյուջեն 100 միլիոն դրամ էր, այնուհետեւ կրկնապատկվել է՝ դառնալով 200 միլիոն դրամ։ Ծրագրի շրջանակներում տարբեր տիպի միջոցառումներ են իրականացվում՝ երիտասարդ գիտնականների գիտաժողովների ֆինանսավորում, գիտական գործուղումներ, դրամաշնորհների տրամադրում, գիտական լրագրության մրցույթ, երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների խրախուսում եւ այլն։ Երկու տարիների ընթացքում ծրագիրը բազմաթիվ շահառուներ է ունեցել՝ ավելի քան 500 երիտասարդ գիտնական անմիջականորեն մասնակցել եւ ֆինանսավորվել է։




























