«Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքի մեջ է միջոցառումների շրջանակում անցկացվող սոցիալական աջակցության ծրագիրը: Սեպտեմբերի  30-ից մինչ օրս նախատեսված 2796 ընտանիքներից արդեն աջակցություն է ցուցաբերվել 1869 ընտանիքի: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մինչեւ տարեվերջ՝ նաեւ հաջորդ տարի սոցիալական ուղղվածության այլ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը տարեցտարի ավելի ընդգրկուն է դառնում թե´ ծրագրերի եւ թե´ քաղաքի տոնին մասնակցելու նպատակով Երեւան այցելող պատվիրակությունների թվի առումով: Քաղաքի տոնի կապակցությամբ այս տարի տարբեր քաղաքներից շուրջ 40 պատվիրակությունների ենք սպասում: Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են տոնակատարության շրջանակում, այդ թվում՝ «Երեւան 2025» կոնֆերանսի անցկացումը, իրենց առանձնահատուկ կարեւորությունն ունեն մեր քաղաքի համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: