Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մեկնարկել է «Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը, որը գումարվել է ՀՀ Մշակույթի նախարարության, Մայր Աթոռի եւ Հայաստանի Ազգային գրադարանի աջակցությամբ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ համաժողովի ընթացքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը եւ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով նախանշվող համագործակցության շրջանակներում երկու կառույցներն իրենց նպաստն են բերելու հայագիտության պահպանման, զարգացման ու տարածման, երիտասարդ սերնդի դաստիարակության եւ ազգային-հոգեւոր արժեքների մասին իրազեկման կարեւոր գործին, խթանելու են հայագիտական կենտրոնների հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, իրականացնելու են հայ տպագիր ժառանգության եւ փաստաթղթերի թվայնացման, թվային գրադարանի ստեղծման, թվայնացման միջոցով վտանգված նյութերի երկարաժամկետ պահպանության ծրագրեր: Հուշագրով նախատեսվում է նաեւ գրադարանավարների համար «Վարպետաց դասերի» կազմակերպում Հայաստանի Ազգային գրադարանում, մասնագետների փոխայցեր, համատեղ ցուցադրություններ եւ համաժողովներ:

Համագործակցության շրջանակներում Մայր Աթոռի Մատենադարանը կներգրավվի «Հայ պարբերական մամուլի համահավաք գրացուցակ»-ի եւ հայ հնատիպ ու վաղ շրջանի գրքերի համահավաք շտեմարանների ձեւավորման աշխատանքներում:

Նախանշված աշխատանքների իրականացման նպատակով կստեղծվի Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի եւ Հայաստանի Ազգային գրադարանի ներկայացուցիչներից կազմված հանձնախումբ: